Գրքի շուկայում սպասվող փոփոխությունների մասին խոսվում էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից: Վերանայվելու էր պետական աջակցությամբ հրատարակվող գրականությունը, քայլեր էին արվելու ժամանակակից գրողների հանրահռչակման ուղղությամբ և այլն: Օրերս մշակույթի նախարարությունը ազդարարեց Գրքի երևանյան փառատոնի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ` «արձակ», «պոեզիա», «դրամատուրգիա», «մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում: Մասնակցության հայտեր կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել մի քանի մրցութային ուղղություններում։
Մրցութային չորս անվանակարգերի հաղթողները կստանան դրամական պարգև. 1-ին տեղի համար՝ 500 հազարական դրամ, 2-րդի համար՝ 300 հազարական դրամ։ Փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ մրցանակային գումարները կփոխանցվեն Հայաստանում գործող այն հրատարակիչներին, որոնց հեղինակները կվստահեն իրենց գրքերի հրատարակման իրավունքը: Այլ կերպ ասած`ընթերցողն ընտրելու է իր գրողին, գրողը` իր հրատարակչին: Արմեն Սարգսյանը հստակեցնում է. «Ստեղծագործությունները քննելու է մասնագիտական հանձնախումբը, որից հետո գնահատելու հնարավորություն է տրվելու ազատ ընթերցողներին:
Կա ձայների հարաբերակցություն: 60 տոկոս ձայնի իրավունք ունի հանձնաժողովը, 40 տոկոս`ընթերցողը: Վերջիններիս էլեկտրոնային հասցեներին ուղարկվելու են գործերն` ըստ իրենց նախընտրած ժանրի: Գործերին ծանոթանալուց հետո լրացնելու են գնահատման թերթիկը»:
Ընթերցողի գնահատականը կարող է պայմանավորված լինել ծանոթ-բարեկամ կապերով: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ զրուցակիցս ասաց, որ հաշվի են առել այդ հանգամանքը, դրա համար` 60 տոկոս ձայնի իրավունքը թողնում են մասնագիտական հանձնախմբին. «Որքան էլ ընթերցողի գնահատման արդյունքները գումարվեն, բացարձակ անտաղանդ մասնակից, որին ժյուրին շատ ցածր է գնահատում, չի կարող հաղթել: Հանձնախմբի անդամների անունները կհայտարարվի մրցույթի արդյունքի ամփոփումից հետո, հասկանալի պատճառներով»:
Զրուցակցիս տեղեկացմամբ` հետաքրքրությունը մեծ է, արդեն իսկ մեծ թվով հայտեր կան` հայտնի և նորահայտ հեղինակներից: Հույս ունի, որ փառատոնը կլինի ամենամյա, ավելին` կներկայանա աշխարհին որպես միջազգային փառատոն` ներգրավելով դրսի գրողների և հրատարակիչների:
Զրույցի վերջում հետաքրքրվեցի, թե ինչ փոփոխություններ են գրանցվել պետական աջակցություն և պետպատվեր ծրագրերում: Նախարարության աշխատակիցն ասաց, որ 2017-ին պետական աջակցությամբ 16 գիրք է հրատարակվելու, պետպատվերով` 40. «Նախորդ տարվա համեմատ մի քիչ պակաս է, որովհետև այս ծրագրից որոշակի գումար ուղղորդեցինք հանրահռչակման ծրագրերին` Գրքի երևանյան փառատոն, ընթերցանության քարոզչություն, գրքի միջազգային ցուցահանդեսներ, շնորհանդեսներ և այլն: 2017-ին չի հրատարակվելու ժամանակակից գրականություն (արձակը, չափածոն, դրամատուրգիան, մանկապատանեկան գրականությունը), այլ լեզուներից հայերեն թարգմանությանը տրվող գումարն ուղղորդվելու է հայերենից այլ լեզուներ թարգմանություններին: Ստեղծվելու է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիր, տարին երկու անգամ մասնագիտական հանձնաժողովը ընտրելու է և աջակցելու արտասահմանյան այն հրատարակիչներին, որոնք իրենց լեզվով, իրենց երկրում ցանկանում են հրատարակել հայ ժամանակակից կամ դասական գրականություն»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ